Ջրհեղեղների մեջ հայտնված Թաիլանդում հայաստանցի զբոսաշրջիկներ ներկայումս չկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գոնե այսպես հավաստիացրեցին տուրիստական մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ։
Ինչպես ասացին «Թեզ Տուր»-ում, իրենք վերջին մեկ ամսվա ընթացքում Թաիլանդ հայ զբոսաշրջիկների չեն ուղարկել։ «Առհասարակ այդ ուղղությամբ փաթեթներ ունենում ենք, սակայն կլինի մեկ-երկու ամիս՝ Հայաստանից Թաիլանդ զբոսաշրջիկներ չենք ուղարկել։ Վերջին խումբն այնտեղ եղել է շուրջ 2 ամիս առաջ»,- ասաց գործակալոթյան աշխատակիցը։
«Տրիումֆ» տուրիստական գործակալությունում էլ ասացին, որ այս օրերին Թաիլանդ զբոսաշրջիկներ չեն ուղարկում` այնտեղ սկսված ջրհեղեղների պատճառով։ «Առանձին տուրիստական խմբեր երբեք էլ չենք ունեցել, միշտ մեկ-երկու մարդ է ուղեւորվել, նրանք էլ վաղուց վերադարձել են Հայաստան»։
«Բիզնես ուեյ»-ից հայտնեցին, որ Թաիլանդ ուղեւորված զբոսաշրջիկներ առհասարակ չունեն եւ երբեք էլ չեն ունեցել՝ չնայած, որ նման ուղղություն իրենց մոտ գործում է։
«Թռիչք» եւ «Էլ Էյջ թրեվլ» տուրիստական գործակալություններում եւս հավաստիացրեցին, որ ջրհեղեղների պատճառով այս օրերին հայ զբոսաշրջիկների խումբ այդ երկիր չեն ուղարկել։
Իսկ ահա «Գալիարդ», «Արմանե», «Իմեգա տուր» եւ «Արարատ տուր» գործակալություններում հայտնեցին, որ դեպի Թաիլանդ ուղղությունը հայաստանցի զբոսաշրջիկների շրջանում արդիական է հատկապես ձմեռային ամիսներին՝ Նոր տարվա տոնական օրերին, եւ իրենց վերջին տուրերն այդ ուղղությամբ կատարվել են հենց դեկտեմբեր-հունվար ամիսներին։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Թաիլանդում ջրհեղեղներ են սկսվել։





























