Այս օրերին Պետական եկամուտների օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների սոցիալական վճարումները:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են Պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունում, առաջացած պարտքերի պատճառը ճշտելու նպատակով, վարչության աշխատակիցերն անցկացրել են օպերատիվ-հետախուզական միջացառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ Կաթնաղբյուրի դպրոցում գոյացած պարտադիր սոցիալական վճարները պարտքը գոյացել է դպրոցի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլիա Ներսիսյանի հանցավոր գործողությունների հետեւանքով: Նա 2009 թվականի փետրվարից մինչեւ 2010 թվականի սեպտեմբեր Կաթնաղբյուրի դպրոցի պարտադիր սոցիալական վճարների գումարից 1,5 մլն դրամ գումար է փոխանցել` բանկում իր անունով բացած հաշվեհամարին, որը ծախսել է սեփական կարիքների համար:
Դրան զուգահեռ, ՊԵԿ-ի օպերատիվ խումբն ստացել է մեկ այլ տեղեկություն, որի համաձայն Ներսիսյանի դուստրը` Ստեփանավանի բնակչուհի Հասմիկ Բարոյանը, ձեւակերպված է Լեջան գյուղում որպես հաշվապահ, սակայն, փաստացի, հաշվապահի աշխատանքն իրականացրել է նրա մայրը: Այդ դեպքում էլ, Ներսիսյանը գործել է նույն ճանապարհով, յուրացնելով պետության միջոցները, ինչի արդյունքում 2010 թվականի նոյեմբերին Լեջանի դպրոցում գոյացել էր սոցվճարների պարտք 360 հազ. դրամ:
Փաստի առիթով հավաքված նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների քննչական վարչություն:





























