Հայ ինժեներ-էներգետիկները էլեկտէներգիայի ստացման ավելի արդյունավետ տեխնոլոգիա են հայտնագործել, որը նաեւ ամբողջ աշխարհում առաջին անգամ կիրառվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներագաբլոկի կառուցման ընթացքում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս նշեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ ավելացնելով, որ ընկերությունն արդեն քայլեր է ձեռնարկել տեխնոլոգիան պատենտավորելու ուղղությամբ։

Հարությունյանը մանրամասնեց, որ նախկինում ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շոգետուրբինի համար նախատեսված 300 ՄՎտ հզորությամբ շոգետուրբինի 1 կվտ/ժ էլեկտրաէներգիա ստանալու համար տեսականորեն անհրաժեշտ էր 380 պվգ (պայմանական վառելիքի գրամ): Հայտնագործված տեխնոլոգիական մոտեցումից հետո ստեղծվել է աշխարհում եզակի շոգեգազատուրբին, որի հզորությունը 480 ՄՎտ է, իսկ 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիա համար անհրաժեշտ է 250 պվգ։

Ըստ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության տնօրինության հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանի, տեխնոլոգիայի կիրառման մտահղացումը պատկանում է հայ ինժեներներին, իսկ հետագա գործնական մշակումն արդեն կատարվել է արտասահմանում, տուրբինների գործարաններում։

«ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ ընկերությունն արդեն մի քանի երկրներից ՋԷԿ-երի նոր տեխնոլոգիայով արդիականացման համար խնդրանքներ է ստացել։ «Պաշտոնական առաջարկներ  արդեն կան Ուկրաինայից, Ուզբեկստանից եւ Հնդկաստանից, որտեղ գործում են նմանատիպ ՋԷԿ-եր»,- ասաց նա՝ նկատելով, որ նոր տեխնոլոգիայի պահանջարկը մեծ կլինի, որովհետեւ հետխորհրդային ողջ տարածքում ՋԷԿ-երը կառուցված են Հրազդանի ՋԷԿ-ում կիրառված տեխնոլոգիական չափորոշիչներով։