Բահրեյնի ընդդիմադիր շիաների առաջնորդը կոչ է արել Իրանին չխառնվել իրենց երկրի ներքին գործերին:

Շեյխ Ալի Սալեմը նաեւ կոչ է արել Բահրեյնից դուրս բերել հարեւան երկրի` Սաուդյան Արաբիայի զորքերը, որպեսզի Բահրեյնը չվերածվի «Իարնի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հակամարտության գոտու», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մոտ 1500 զինծառայողներ Սաուդյան Արաբիայից, Արաբական միացյալ էմիրություններից եւ այլ երկրներից 2 շաբաթ առաջ մուտք են գործել Բահրեյն` այդ երկրի թագավորական կառավարության հրավերով: Կառավարությունը մեղադրել է Իրանին Բահրեյնում շիաներին զանգվածային հուզումների դրդելու մեջ:

Նշենք, որ Բահրեյնի բնակչության մեծամասնությունը (շուրջ 70 տոկոս) շիաներ են, այնինչ իշխանությունը եւ բարձր պաշտոնները զբաղեցնում են սուննի փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց թվին է դասվում նաեւ իշխող դինաստիան: