Հայաստանում կան բավականին դժգոհություններ` տեխնիկական զննության կայանների կողմից հավելյալ գումարների գանձման եւ մատուցած ծառայությունների որակի հետ կապված: Այս մասին նշվել է այսօր` մարտի 30-ին Տրանսպորտի եւ կապի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, խորհրդակցության ժամանակ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկաներին տեղեկացրել է, որ խնդրին որոշակի լուծում տալու նպատակով ֆինանսների նախարարությունը մշակել է համապատասխան կարգ, որը կանոնակարգելու է բանկերի միջոցով տեխզննության համար գանձվող վճարումները եւ տեխզննության կայանների գործառոււյթները:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնել է, որ վերոնշյալ կարգի ընդունման դեպքում կվերանայվեն տեխզննության գործընթացին առնչվող մի շարք չափորոշիչներ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ տեխնիկական զննության կայանների պատասխանատուներ:




























