Գյումրիի ակադեմիական կառույցների համար նախատեսված շենքի շինարարությունը ավարտին չեն հասցնի նաեւ այս տարի: Շենքը հիմնականում հատկացվելու է Գյումրիի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին, որը 20 տարուց ավելի գործում է տնակներում:
«Շինարարությունն արդեն մի քանի օր է`վերսկսվել է: Պետական բյուջեից կառավարությունը հատկացրել է ընդամենը 30 միլիոն դրամ գումար: Դրանով հազիվ հնարավոր լինի ավարտել շենքի գաջային աշխատանքների մի մասը: Իսկ ներքին հարդարման աշխատանքների մեծ մասը դեռ առջեւում է: Այս տեմպերով հազիվ 10 տարի անց շենքը կարողանան հանձնել շահագործման»,-NEWS am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի Երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Սեւադա Հովհաննիսյանը:
Շենքում տեղավորվելու են նաեւ Գյումրիի հայագիտական կենտրոնը, Կենսաբանական լաբորատորիան եւ Հիդրոմեխանիկայի ինստիտուտը: Երկրաշարժից հետո ակադեմիական այս կառույցները գործել են տնակներում ու ժամանակավոր վարձակալությամբ տարբեր շենքերում:
Նշենք որ շենքի շինարարությունը սկսվել է 2006-2007թթ-ից, իսկ կառուցման վերջնաժամկետը 2011 թ-նն էր: 300 միլիոն դրամից ավելի գումար է անհրաժեշտ շինարարությունն ավարտին հասցնելու համար:



























