Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ոստիկանություն բերման են ենթարկել կողոպուտի մեջ կասկածվող մի երիտասարդի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը Ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկա-պահակային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկանների կողմից ձերբակալվել է Կոմիտաս 63 շենքի մոտ (այն հայտնի է որպես ԱԼՄ-ի շենք):
Շենքի մոտ հավաքված մարդիկ պատմեցին, որ այդ երիտասարդը նշված փողոցում ակնհայտ կերպով 40-45 տարեկան մի կնոջ վզից հափշտակել է ոսկյա շղթան եւ փորձել է փախչել:
Ականատեսների վկայությամբ, իրենք լսել են կնոջ օգնություն կանչող բղավոցը: Այդ պահին նշված վայրում պարեկապահակային ծառայություն իրականացնող 3 ոստիկաներ փորձել են բռնել երիտասարդին, ով դիմել է փախուստի եւ մոտ 700-800 մետր վազել է: Այդուհանդերձ, ոստիկաններին հաջողվել է բռնել նրան:
Երիտասարդը ձերբակալված է, նրա մոտ հայտնաբերվել է գողացված շղթան: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի հատկանիշներով (կողոպուտ` ուրիշի գույքի բացահայտ հափշկատություն):
Պարզվել է, որ նա Արաբկիրի վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Աշոտ Պետրոսյանն է:
Աշոտ Պետրոսյան
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























