Google ընկերությունը եւ մյուս որոնողական սերվիսները պետք է Եվրամիության երկրների բնակիչների պահանջով հեռացնեն իրենց վերաբերող տեղեկատվությունն իրենց համակարգերից միայն ԵՄ տարածքում։ Նման որոշում է ընդունել Եվրոպական դատարանը Լյուքսեմբուրգում երեքշաբթի, սեպտեմբերի 24-ին։ Այն նաեւ պարտավորեցնում է որոնողական համակարգերին միջոցներ ձեռնարկել, որպեսզի եվրոպացի օգտատերերը չկարողանան հղումով անցում կատարել այն կայքերին, որոնք չեն գտնվում ԵՄ օրենսդրության գործողության ներքո, տեղեկացնում է DW-ն։
Որոնողական համակարգերը պետք է իրենց հնարավորությունների շրջանակում ապահովեն քաղաքացիների իրավունքների՝ անձնական կյանքի եւ անհատական տվյալների պաշտպանությունը, ընդգծել է դատարանը։
2014 թվականին Եվրոպական դատարանն ընդունել է եվրոպացիների՝ իրենց վերաբերող տեղեկատվությունը որոնողական համակարգերից հեռացնելու իրավունքը։ Սակայն վիճելի է մնացել հարցն այն մասին, թե որ տարածքի վրա է տարածվում այդ որոշումը՝ բոլոր երկրների՞, թե՞ միայն ԵՄ-ի։
Ավելի ուշ Ֆրանսիան պահանջել էր Google-ից օգտատերերի հարցապնդմամբ հեռացնել նրանց մասին տեղեկատվությունն ամբողջ աշխարհում։ Հրաժարմանն ի պատասխան՝ ֆրանսիական կարգավորողը որոնողական համակարգերի վրա 100 հազար եվրոյի տուգանք էր դրել։ Google-ը բողոքարկել է, ինչից հետո ֆրանսիական դատարանը պարզաբանումների համար դիմել է Լյուքսեմբուրգի դատարան։





























