Ռոսկոմնադզորը սկսել է պրովայդերների ցանցերի վրա սարքավորումներ տեղակայել, որոնք սպառնալիքի դեպքում թույլ կտան մնացած աշխարհից մեկուսացնել Ռունետը՝ համացանցի ռուսական հատվածը: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ այդ սարքավորումների փորձարկումը կավարտվի նոյեմբերին:
«Նախ տեխնիկական ստուգում կանցկացնենք, ապա այն կփորձարկենք մարտական ռեժիմում: Մինչ այժմ փորձարկումները նորմալ են ընթացել, երբ փորձարկումներն ավարտվեն, կպատմեմ արդյունքների մասին»,- ասել է նա:
Ռունետը մեկուսացնել թույլատրող օրենքն ընդունվել է այս տարվա գարնանը: Փաստաթղթի համաձայն՝ ռուսական իշխանությունները կվերահսկեն արտասահմանում տվյալների փոխանցման կետերը եւ ինտերնետ-երթեւեկը:
Չնայած նրան, որ օրենքը պետք է ուժի մեջ մտնի նոյեմբերին, Ռոսկոմնադզորը նախապես սկսել է մշակել դրա կիրառման կանոնները: Իսկ կապի եւ հաղորդակցության նախարարությունը սահմանել է սպառնալիքները, որոնց դեպքում հնարավոր է Ռունետի մեկուսացումը:




























