Իրանի ԶՈւ-ն աչալրջորեն հետեւում է տարածաշրջանում ԱՄՆ-ի տեղաշարժին՝ Միջերկրական ծովից մինչեւ Հնդկական օվկիանոս: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական օգնական, գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆավին, հաղորդում է Fars-ը:
Նրա խոսքով՝ Իրանի ԶՈւ-ն լիովին վերահսկում է ԱՄՆ-ին եւ հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ գերակայություն ունի:
«Մենք հետեւում ենք ամերիկացիներին՝ Միջերկրական ծովից մինչեւ Հնդկական օվկիանոս»,- ասել է նա:
Սաֆավին նշել է, որ Իրանը հասել է խորը պաշտպանության ռազմավարությանը: «Մենք ընդլայնել ենք մեր պաշտպանական սահմանները Միջերկրական ծովից մինչեւ Պարսից ծոց եւ Հնդկական օվկիանոս»,- նշել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պաշտպանում է իսլամական բոլոր երկրների իրավունքները:
«Իսլամական Հանրապետությունը վերածվել է Արեւմտյան Ասիայում գլխավոր եւ անհաղթելի գերտերության, եւ եթե ամերիկացիները որեւէ դավադրություն ծրագրեն Միջերկրական ծովում, Կարմիր ծովում կամ Հնդկական օվկիանոսում, Իրանը դա անպատասխան չի թողնի: Արեւմտյան Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու նրա հեգեմոնիան պարտություն են կրում, քանի որ աշխարհը շարժվում է բազմակողմանիության ուղղությամբ»,- ասել է Ռահիմ Սաֆավին:





























