2012թ. ընտրություններին ընդառաջ ընտրազանգվածի բռնի «հանրապետականացման» մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին վստահեցրեց ՀՀԿ կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը։ «Հանրապետական կուսակցությունը անդամների թվաքանակի խնդիր չունի, հետեւաբար ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր չի դրել ստիպողաբար ավելացնել իր անդամների թիվը։ Հանրապետական կուսակցության գործունողությունների մեջ ստիպողական մեթոդները բացակայում են, քանի որ բռնի անդամակցված յուրաքանչյուր անդամ առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի կուսակցությունը։ Այնպես որ, ՀՀԿ-ին այդպիսի անդամներ պետք չեն, մանավանդ, որ Հանրապետականը կուսակցության անդամների թվի խնդիր չունի»,- ասաց Թադեւոսյանը։
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն, հանրապետության տարբեր շրջաններում ընտրազանգվածի ստիպողաբար ՀՀԿ-ացման ակտիվ գործընթաց է գնում։ Համաձայն նույն լուրերի՝ այս գործընթացի ամենաակտիվ կազմակերպիչները այն գործարարներն են, որոնք ցանկանում են պատգամավոր դառնալ, եւ ստիպում են իրենց աշխատակիցներին անդամագրվել ՀՀԿ-ին։




























