Հայաստանի կառավարությունը հաստատել է ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը, որի համաձայն տարբերակված մոտեցում կցուցաբերվի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի, կտրոնների տրամադրման եւ հաշվառման սկզբունքներում։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ տվյալ խնդիրը կարգավորվում է պետության կողմից երկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համապատկերում։

Կառավարության իրականացրած մոնիտորինգի արդյունքում բացահայտվել են բազմաթիվ թերություններ, մասնավորապես այն, որ ավտոմեքենաների տեխզննությունը ձեւական բնույթ է կրում, ավելին, քաղաքացիներն օրենսդրությամբ չսահմանված վճարումներ են կատարում կամ նույնիսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն ներկայացնում տեխզննման։ Հասկանալի է, որ կառավարությունը չէր կարող հանդուրժել այս իրավիճակը։

Ընդունված որոշումը թույլ է տալիս, որպեսզի շուկան լինի ինքնակարգավորվող, քաղաքացիներն իրենք ընտրեն տեխզննման այն երեք տասնյակ կայաններից մեկը, որտեղ կուզենային անցկացնել այդ գործընթացը։ Վարչապետի հավաստմամբ` հաջորդ քայլը լինելու է տվյալ խնդրի լուծման մեջ ապահովագրական ընկերությունների ներգրավումը, ինչի շնորհիվ կգործի փոխվերահսկողության սկզբունքը։ Որոշմամբ,  երկրի առնվազն 300 հազար քաղաքացիներ ոչ միայն կապահովեն երթեւեկության անվտանգությունը, այլեւ կազատվեն տարեկան շուրջ 5 հազարական դրամ անտեղի մուծելու անհրաժեշտությունից։