ՆԱՏՕ-ն տեղեկություններ չունի Լիբիայում զոհված խաղաղ բնակիչների վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջիամպաոլո Դի Պոլան, հայտնում է ВВС-ին: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն արդեն սկսել է հետաքննություն անցկացնել միջազգային կոալիցիոն ուժերի կողմից Լիբիայի խաղաղ բնակիչներին հասցված օդային հարվածների ուղղությամբ:

Ավելի վաղ Լիբիայի մայրաքաղաքում գտնվող Վատիկանի ներկայացուցիչ Ջովաննի Մարտինելլին հայտնել էր, որ կոալիցիայի ուժերի օդային հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 40 խաղաղ բնակիչ: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 17-ի բանաձեւ է ընդունել, որով Լիբիայի օդային տարածքը հայտարարել էր ոչ թռիչքային գոտի, որպեսզի կանխի ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքների ու բնակավայրերի ռմբահարումները եւ փրկի խաղաղ բնակիչներին:

Մարտի 27-ին, Լիբիայում կոալիցիան ուժերի կողմից ռազմական գործողությունների ղեկավարումը պաշտոնապես ստանձնեց ՆԱՏՕ-ն` կանադացի գեներալ-լեյտենանտ Շարլ Բուշարի ղեկավարությամբ: