Իմ ժամանակ ընդամենը երկու դատավորի մասով միջնորդություն ներկայացվել է ԲԴԽ-ին, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կա մոտեցում, որ կարծես թե, ամենավատ համակարգը դատականն է, դա ամենակոռումպացվածն է, այնտեղ շատ վատ մարդիկ են հավաքած, որ մտածում են ինչ անեն, որ կոռուպցիան շարունակեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ես ուզում եմ ցրել այդ տպավորությունը, այդ կասկածները: Դատական համակարգն ունի նույքան պրոբլեմներ, որքան ունեն կամ կարող են ունենալ այլ պետական մարմինները:

Որեւէ տրամադրվածություն դատավորների նկատմամբ, որ անպայման կենտրոնանալու ենք կամ մեր լիազորությունները ամբողջությամբ ուղղելու ենք, որ դատավորների նկատմամբ պատժիչ քայլեր անենք, ոչ չի լինելու նման բան»,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ հարուցվելու են եւ դրանց արդյունքում միջնորդություններ ներկայացվելու են ԲԴԽ, երբ վստահ լինեն, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել կարգապահական խախտում:

«Եղել է դեպք, երբ վարույթը հարուցվել է իմ լիազորությունների շրջանակներում, բայց ես կարճել եմ՝ համոզվելով, որ շեմը չի հաղթահարվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ իր նշած տպավորության համար հիմք են ծառայում վարչապետի հայտարարությունները դատավորների մասին, Բադասյանը չհամաձայնեց՝ նշելով. «Երբ վարչապետը ընդհանուր դիտարկումներ է կատարում, հետո անդրադառնում է որոշակի մասնավոր դեպքի, կան ուժեր, խմբակներ, որոնք այդ մասնավորը տարածում են ընդհանուրի վրա, խեղաթյուրում են նրա խոսքը եւ հասարակության շրջանում նման տպավորություն ստեղծում»: