Երեւանում այսօր` մարտի 31-ին բացվել է Շվեյցարիայի դեսպանատունը: Բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների նախագահները` Սերժ Սարգսյանը եւ Միշելին Կալմի-ռեյը: Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ, Շվեյցարիայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրներին միավորում է երկարատեւ հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ դեսպանատունը կնպաստի երկու երկրների կառավարությունների եւ քաղաքացիների գործակցության ամրապնդմանը:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը ցույց է տալիս, որ Շվեյցարիան մտադիր է զարգացնել իր հարաբերությունները Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող երկրների հետ, մասնավորապես տարածաշրջանում, որտեղ շատ կարեւոր նշանակություն ունեն բարեկեցությունն ու խաղաղությունը:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դեսպանատան բացումը եւս մի քայլ է երկու երկրների հետագա հարաբերությունների արգացման տեսանկյունից: «Աշխարհի ամենահայտնի հային` Շարլ Ազնավուրին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակելը վկայում է այն մասին, թե ինչպիսի կարեւորություն է տալիս Երեւանը Շվեյցարիցայի հետ հարաբերությունների զարգացմանը»,-հայտնել է ԱԳ նախարարը, մեջբերելով հայկական ասացվածքը. «Եթե ուզում ես, որպեսզի քո առաջ բացվեն դռները, ինքդ դռներդ բաց պահիր»:
Միշել Կալմի-Ռեյը Հայաստանում դեսպանատուն բացելու մտադրության մասին հայտնել էր իր նախորդ այցելության ժամանակ, երբ դեռ Շվեյցարիայի ԱԳ նախարարն էր:




























