Նախկինում Հայաստանը սեյսմիկ առումով 7 բալանոց գոտում էր գտնվում, իսկ այժմ 10 բալանոց, հետեւապես, հանրապետության ողջ տարածքում այսպիսի սեյսմիկ ակտիվության պարագայում չարժե 3-4 հարկից ավել հարկեր ունեցող շինություններ կառուցել: Այս մասին մարտի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների թեկնածու Լեոնիդ Հախվերդյանը:
Նրա խոսքով, ներկա դրությամբ Հայաստանի ԱԻՆ-ին կից սեյսմիկ ծառայությունը աշխատանքներ է իրականացնում, սակայն դրանք չեն կարող կանխատեսել, թե արդյոք ապագայում երկրաշարժեր տեղի կունենա՞ն:
Բացի այդ, գեոֆիզիկոսը նշեց, որ Հայաստանի տարածքում երկրաշարժերի հավանականությունը մեծ է, քանի որ հայտնի են դրանց օջախների գտնվելու վայրերը: «Եթե գեոֆիզիկայի, սեյսմոլոգիայի եւ այլ մեթոդներով իրականացվեն ավելի մանրակրկիտ եւ ուշադիր աշխատանքներ, ես կարծում եմ, որ կանխատեսումներ անել հնարավոր կլինի: Սակայն մի բան է երկրաշարժ կանխատեսել բնակչության փրկության տեսանկյունից, այլ բան է ապահովել սեյսմիկ կայունությունը»,-նշեց նա:
Գեոֆիզիկոսի կարծիքով, այս դեպքում բնակչության անվտանգության ապահովումը հնարավոր չէ երաշխավորել, քանի որ հարկավոր է իմանալ ստույգ վայրը, ժամն ու թե ի՞նչ կերպ տեղի կունենա երկրաշարժը:
Ներկայումս շինությունները սեյսմակայունության առումով բավական որակյալ են կառուցվում: Սակայն նա նշեց, որ կողմնակից չէ Երեւանում բազմահարկ շինությունների կառուցմանը, անկախ այն բանից, թե դրանք սեյսմակայուն են, թե ոչ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները:
Հայաստանում հին շինությունները, ըստ մասնագետի, միանշանակ պետք է ամրացնել, սակայն դրանց ապամոնտաժման համար ժամանակ եւ միջոցներ չկան:




























