Այս տարվա ընթացքում Երեւանում կձեւավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Այդ մասին այսօր` մարտի 31-ին լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, Երեւանին ծաղկային եւ գունային գամմա հաղորդելու համար Հոլանդիայից ներկրվել են 450 հազար ծաղկասածիլններ, որոնք մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվեն վարչական շրջաններին: Դրան զուգահեռ, Իրանից ներկրվել են թվով 4000 մշտադալար դեկորատիվ ծառեր ու թփեր:

«Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է ծառատունկը ,որի նպատակը ինչպես կանաչապատ տարածքներն ավելացնելն է, այնպես էլ  Երեւանին գեղագիտական տեսք հաղորդելը: Երեւանի քաղաքապետի նախաձեռնության հիմքում նաեւ մշտադալար դեկորատիվ ծառեր տնկելն է, որոնք կանաչ սաղարթ կապահովեն թե՛ ամռանը,եւ թե՛ ձմռանը: Բացի այդ,  ընտրվել են այն ծառատեսակները ,որոնք հնարավորին շատ են հողից կլանում ծանր մետաղները»,- նշել է Ա. Մարտիրոսյանը:

Նա անդրադարձել է նաեւ մարտի 30-ի ծառատունկից հետո Սարալանջի շրջանցիկ ճանապարհի միջնաշերտում եւ Բաղրամյան պողոտային հարակից հայ-արգենտինյան դպրոցի տարածքից տնկիների գողության դեպքերին: Նմանատիպ փաստ արձանագրվել  էր նաեւ անցյալ տարի` ծաղկապատման աշխատանքների ժամանակ:

«Այս արատավոր երեւույթը կանխելու նպատակով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրավապահ մարմիններին`վարչական շրջանների ոստիկանության բաժինների միջոցով տեղերում հսկողություն սահմանելու համար»,-նշել է բնապահպանության վարչության պետը: