Նախկին ոստիկանապես Հայկ Հարությունյանի հոգեհանգստին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մասնակցել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, բազմաթիվ նախկին պաշտոնյաներ:
Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության եւ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների շուրջ շրջանառվող խոսակցություններին վերաբերող հարցերին:
«Պատեհ առիթ չէ», - ասաց Սերժ Սարգսյանը:
Բակո Սահակյանը նույնպես հրաժարվեց պատասխանել հարցերին:
Հոգեհանգստին ներկա էր նաև ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նա հարցերի չպատասխանեց։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ, հարցաքննվել են վկաներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Հայկ Հարությունյանը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ։











