Վրաստանը բանտարկյալների թվով աշխարհում առաջատար դիրք է գրավում: Այս մասին հայտարարել է «Նախկին բանտարկյալները հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Նանա Կակաբաձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Ինչպես հայտարարել է կազմակերպության ղեկավարը, պաշտոնական տվյալներով, Վրաստանում 23684 բանտարկյալ կա:
«Միջազգային հետազոտությունների արդյունքում, Վրաստանում 100 հազար շնչին 539 բանտարկյալ է բաժին հասնում, ինչը գերազանցում է անգամ Ադրբեջանի, Ուկրաինայի, Հայաստանի տվյալներին:
Մասնավորապես Հայաստանում 100 հազար շնչին հասնում է 149 բանտարկյալ, Ադրբեջանում` 240, Ուկրաինայում` 334: Իսկ Վրաստանը բանտարկյալների թվով հավասար է այն պետություններին, որոնք առանձնանում են բանտարկյալների անսահման թվով»,-նշել է ղեկավարը, ընդգծելով, որ պաշտոնական տվյալներով, Վրաստանում բանտարկյալների թվի աճն սկսել է «Վարդերի հեղափոխությունից» հետո:





























