Հրթիռների փորձարկման Իրանի գործողությունները չեն խախտում միջազգային ոչ մի համաձայնագիր, սակայն երկյուղ են հարուցում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված չլուծված իրավիճակի պայմաններում։ Այս մասին սեպտեմբերի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի իր գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ հանդիպման արդյունքներով։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Թեհրանին առավելագույնս բաց համագործակցություն ծավալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ հարաբերություններում։

«Կարծում ենք, որ իրանական կողմը ականջալուր է եղել, եւ Ժնեւում կայանալիք հանդիպմանը մենք կունենանք այսօրվա մեր զրույցի արդյունքը։ Մենք կոչ ենք արել (իրանցի գործընկերներին) առավելագույնս բաց հարաբերություններ ծավալել, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն կարողանա լիովին գլուխ հանել նոր օբյեկտից եւ, որպեսզի Իրանի վերաբերյալ գործակալությունում ծագած բոլոր հարցերը հնարավոր լինի փակել եւ դրանով իսկ նպաստել Իրանի միջուկային խնդրի լուծմանը»,- հայտարարել է Լավրովը։

Նախօրեին Իրանի կողմից իրականացված միջմայրցամաքային հրթիռների փորձարկման վերաբերյալ հայտարարություն է արել նաեւ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը։ Ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, Գիբսը Թեհրանի գործողություններն անվանել է սադրանք։ Ըստ նրա, «սադրիչ ոճը» հատուկ է միջազգային ասպարեզում Իրանի բոլոր գործողություններին։

Սպիտակ տան ներկայացուցիչը Իրանին կոչ է արել անսահմանափակ մուտք ապահովել ուրանի հարստացման երկրորդ գործարան, որի գոյության մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ. «Մենք հույս ունենք, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել լիակատար թափանցիկությամբ ու պատրաստ է աշխարհին ի ցույց դնել, որ ինքը հրաժարվել է միջուկային սպառազինության ստեղծման ծրագրից եւ ցույց տալ, որ իր կողմից արվող ամեն բան կատարվում է միջուկային էներգիայի խաղաղ յուրացման շրջանակներում»։