Երեւանի Մաշտոց վարչական շրջանում այսօր` մարտի 31-ին ժամը 17։30-ի սահմաններում դժբախտ պատահար է գրանցվել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուկաշին փողոցի 3-րդ շենքի (նշված շենքը 5 հարկանի է) 3-րդ հարկում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հենասյունը (խարաչո) կոտրվելու հետեւանքով բանվորը վայր է ընկել։
Դեպքի վայր են ժամանել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ։
Վնասվածքներ ստացածը Լուկաշին փողոցի 29 տան բնակիչ 59-ամյա Աշոտ Հարությունյանն է։ Շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ստացել է կոտրվածքներ, արյան հետքեր եւ ոսկրային մասեր կան հենասյան եւ գետնի վրա։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ոստիկանության Մաշտոցի բաժնի քննիչները։
Հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:







Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի





























