Barbie-ի հավաքածուում հայտնվել է նոր մոդել՝ գենդերային առումով չեզոք տիկնիկ։ Այս մասին տեղեկացրել է Mattel արտադրող ընկերությունը։ Հավաքածուն կոչվում է Creatable World (Ստեղծվող աշխարհ)։ Թե ինչ տեսք են ունենալու տիկնիկները՝ որոշել են փորձագետները, ծնողները եւ երեխաները, տեղեկացնում է Euronews-ը։
Խաղալիքների հավաքածուում սանրվածքի երկու տեսակ (երկար եւ կարճ մազերի համար) ունեցող տիկնիկներ են՝ զարդերով եւ հագուստներով, այդ թվում՝ կիսաշրջազգեստներով եւ բարձրակրունկ ճտքավոր կոշիկներով։ Տաղավարներում կհայտնվեն վեց նոր տիկնիկներ՝ մաշկի տարբեր գույնով։
Ընկերությունում համոզված են, որ այս մտահղացումը թույլ կտա երեխաներին «ավելի ազատ ինքնարտահայտվել»։ «Մեզ համար սա հնարավորություն է՝ լինելու ավելի բաց խոսակցության համար, թե ինչի եւ ում համար են ստեղծվում տիկնիկները»,- ասել է ընկերության փոխնախագահ Քիմ Քուլմոնը՝ ավելացնելով, որ եկել է խաղալիքների ժամանակը, որոնց վրա ոչ մի պիտակ չպետք է լինի։ Քուլմոնի խոսքով՝ գաղափարն ի հայտ է եկել այն պատճառով, որ թե՛ ծնողները, թե՛ երեխաներն անհանգստություն են հայտնել տիկնիկների գենդերային պատկանելության հետ կապված։
Վերջին տարիներին Mattel-ին հաճախ քննադատել են այն պատճառով, որ նրա «իդեալական Բարբիները» չափից ավելի հեռու են իրականությունից։ Դրանից հետո հավաքածուում հայտնվել են տիկնիկներ մաշկի տարբեր գույնով եւ տարբեր կազմվածքով, այդ թվում plus size մոդելներ։ Երկու տարի առաջ Mattel-ը թողարկել էր տիկնիկ հիջաբով, իսկ այս ձմռանը խանութներում հայտնվեցին Բարբիներ՝ պրոթեզով եւ հաշմանդամի սայլակով։











