Համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ անշարժ գույքի շուկայում 2010-ի փետրվարի համամետությամբ այս տարի փետրվարին որոշակի անկում է նկատվել:
Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցեց անշաժ գույքի մի շարք գործակալությունների ներկայացուցիչների հետ։
Նրանցից շատերը խուսափեցին որեւէ կերպ մեկնաբանել երեւույթը, ավելին, զերծ մնացին կոնկրետ թվեր նշել:
Երկու գործակալություների տնօրեններ, այնուամենայնիվ, համաձայնեցին խոսել արձանագրված գնանկման պատճառների մասին։
Նրանցից մեկի ներկայացուցիչը նշեց, որ գնանկման երեւույթն ամենից առաջ պայմանավորված է առաջարկ-պահանջարկի հարաբերակցությամբ։ «Ինչ վերաբերում է գների 4 տոկոս անկմանը, ապա կարող եմ ասել, որ գնանկումն ավելի մեծ է՝ շուրջ 6 տոկոս»,- նկատեց նա։
Գործակալության տնօրենը նշեց, որ փետրվարից հետո Երեւանի Փոքր կենտրոնում բնակարանների քմ-ի միջին գինը կազմում է 1200-1500 դոլար, Մեծ կենտրոնում՝ 1200-1300 դոլար։ «Ինչ վերաբերում է ծայրամասերին, ապա Շենգավիթ վարչական շրջանում,օրինակ, բնակարաններիմեկ քմ-ն արժե 500-650 դոլար, իսկ ահա Կոմիտասում՝ մինչեւ 850 դոլար»:
Անդրադառնալով հողատարածքների գներին՝ գործակալության տնօրենը նշեց, որ գնանկում գրանցվել է նաեւ այդ ոլորտում։ «Օրինակ, Նորքի Մարաշի հատվածում, Արաբկիրում հողի մեկ քմ-ի միջին գինը 100-150 դոլար է, ավելի հեռու վայրերում՝ 50-30 դոլար, քաղաքից ավելի մեծ հեռավորության վրա գտնվող տարածքներում՝ 30-20 դոլար»:
Մեզ տվյալներ տրամադրած երկրորդ գործակալության տնօրենն էլ ասաց, որ գնանկումը պայմանավորված է մեծ թվով առաջարկվող, սակայն պահանջարկ չունեցող անշարժ գույքի առկայությամբ։ «Մարդիկ սկսել են ավելի շատ բանակարաններ վաճառել։ Անշարժ գույքի քանակությունն անհամեմատ աճել է։ Մեր գործակալության տվյալներով, գնանկումն այդքան էլ զգալի չէ, սակայն նկատելի է, որ մարդիկ անշարժ գույք սկսել են ավելի շատ վաճառել։ Մարդիկ հիմա վաճառում են տները, բիզնեսը եւ հեռանում»,- ասաց գործակալության տնօրենը՝ ներկայացնելով անշարժ գույքի գրեթե նույն գները, ինչ որ մեր նախորդ զրուցակիցը։
Նշենք, որ համաձայն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Երեւանում բնակարանների միջին շուկայական գները 2011-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 3,8 տոկոսով: Ընդ որում, նախորդ ամսվա համեմատությամբ, այս տարվա փետրվարին երեւանյան բնակարանների գները բարձրացել են 0,7 տոկոսով:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, փետրվարին Հայաստանի մայրաքաղաքում երկու անգամ ավելի շատ բնակարան է վաճառվել, քան հունվարին:
Համաձայն պաշտոնական տվյալների՝ ամենաբարձր գները գրանցվել են մայրաքաղաքի կենտրոնում, ուր ք/մ-ի գինը կազմել է 442,8 հազար դրամ, իսկ ամենացածր գները՝ Նուբարաշենում են՝ 149 հազար դրամ քմ-ի համար:




























