Սաուդյան Արաբիան աշխարհին կոչ է արել Իրանի վրա «առավելագույն ճնշում գործադրել  բոլոր հնարավոր գործիքներով», որպեսզի վերջ դրվի նրա «ագրեսիվ վարքագծին», հայտարարելով, որ Թեհրանին վերահսկելու ամենաարդյունավետ միջոցը նրա ֆինանսական ռեսուրսների կրճատումն է, դրանցից անջատելը, փոխանցում է AP-ն:

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Իբրահիմ ալ Ասաֆը ՄԱԿ ԳՎ-ում ելույթ ունենալիս Իրանին կրկին մեղադրել է երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ:

«Մենք հրաշալի գիտենք, թե ով է կանգնած այդ ագրեսիայի հետեւում»,- ասել է Ալ Ասաֆը՝ հարձակումներն անվանելով «միջազգային օրենքների աղաղակող խախտում եւ սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

«Իրանական ռեժիմի ահաբեկչական եւ ագրեսիվ վարքագիծը դադարեցնելու համար անհրաժեշտ է ամենամեծ ճնշում՝ բոլոր հասանելի գործիքների օգտագործմամբ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ ֆինանսավորման աղբյուրների անջատումը ամենալավ մեթոդն է «ռեժիմին ստիպելու հրաժարվել իր աշխարհազորայիններից, թույլ չտալու բալիստիկ հրթիռների մշակումներ եւ դադարեցնելու տարածաշրջանում ու աշխարհում Իրանի ապակայունացնող գործունեությունը»: