Թերթը զրուցել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:

Հարցին, թե ինչպիսի՞ն է ներկուսակցական վիճակը Հանրապետականում, Շարմազանովը պատասխանել է. «Հանրապետականում վաղեմի ավանդույթ է, որ յուրաքանչյուր խնդիր քննարկվում եւ լուծում է ստանում ճիշտ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը հասունանում է: Մինչեւ հերթական համապետական ընտրությունները դեռ մեկ տարի ժամանակ կա: Ուստի բավական շուտ է եւ նախընտրական տրամադրություններ ունենալու, եւ Հանրապետականի ընտրական մարտավարության ու ռազմավարության մասին խոսելու համար: Մինչ այդ մենք դեռ բազմաթիվ այլ ու շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք լուծելու»:

Պատգամավորը հավատացած է, որ տարեվերջին Հանրապետականի համագումարը կտա բոլոր նման հարցերի, նաեւ միտումնավոր շահարկումների պատասխանը:

«Հիմա կուսակցության օրակարգում բացառապես բարեփոխական խնդիրներն են, իսկ ընտրական հարցերին անդրադառնալը վաղաժամ է:

Հավաստիացնում եմ, որ Հանրապետականը մեկ միասնական թիմ է, եւ մեր կուսակցության մեջ երիտասարդական, վետերանների կամ ինչ-որ ուրիշ խմբեր չկան: Կուսակցությունն էլ նախանշած ուղեգծով իրագործում է նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագիրը»,- նշել է նա: