ԵՄ-ը մասնավոր կարգով Իրանին զգուշացրել է, որ ստիպված է նոյեմբերին հրաժարվել միջուկային համաձայնագրից, եթե Թեհրանը համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների դադարեցման հարցով հետագա քայլեր ձեռնարկի, գրում է The Guardian-ը:

Իրանն արդեն զգուշացրել է պարտավորությունների դադարեցման հարցով մի քանի քայլերի մասին եւ մտադիր է եւս մեկը ձեռնարկել նոյեմբերին, եթե ԱՄՆ-ը չչեղարկի տնտեսական պատժամիջոցները:

ԵՄ-ը հայտարարել է, որ վեճերի լուծման պաշտոնական մեխանիզմում կներառի Իրանի կողմից պարտավորությունների չպահպանման հարցը, եթե պարտավորություններից հրաժարվելու Իրանի հաջորդ քայլը նշանակալի լինի:

Իրանում հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկում՝ ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների: Թեհրանում նշում են նաեւ, որ այդ գործողությունները դառնալի են, եթե Եվրոպան սկսի իրականացնել իր պարտավորությունները:

Ակնկալվում է, որ Իրանը կսկսի պարտավորությունների դադարեցման չորրորդ փուլը նոյեմբերի 7-ին:

Եվ եթե գործարկվի վեճերի կարգավորման մեխանիզմը, կողմերը 30 օր կունենան՝ չպահպանումը ապացուցելու համար: Եվ անհրաժեշտության դեպքում Իրանի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն:

Նման քայլը հարված կլինի ԵՄ-ի համար, որը ԱՄՆ-ի դուրսբերումից հետո փորձում է պահպանել համաձայնագիրը: Թրամփի վարչակազմը փորձում է ԵՄ-ին համոզել հրաժարվել այդ գործարքից:

Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներն «արթնացրեցին» Եվրոպային:

ԵՄ-ի նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին չի հաջողվել համաձայնության հասնել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ, ըստ որի՝ ԱՄՆ-ը պետք է չեղարկեր պատժամիջոցները, իսկ Թեհրանը՝ վերադառնար համաձայնագրի պահպանմանը: Մակրոնը հույս ուներ, որ վերոնշյալ հարձակումները ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին կստիպեին զիջումների գնալ: Սակայն Մակրոնի առաքելությունը ձախողվեց:

Ավելի վաղ Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին կոչ է արել «դադարեցնել առավելագույն ճնշման քաղաքականությունը»՝ ի շահ «երկխոսության, բանականության եւ տրամաբանության»: