Սեպտեմբերի 27-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանը եւ Կիպրոսի ՀՅԴ կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը:

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը ընդգծել է Կիպրոսի եւ հայ ժողովուրդների պատմությունների եւ ճակատագրերի նմանությունը եւ համոզմունք հայտնել, որ պարբերական հանդիպումները հնարավորություն են ստեղծում միմյանց ճանաչելու եւ երկու երկրների քաղաքների միջեւ կապերը մշտական դարձնելու համար:

Խոսելով Կիպրոսի հետ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Արցախի արհեստական մեկուսացվածության պայմաններում այն նաեւ պատուհան է դեպի Եվրոպա: Նա նաեւ հույս է հայտնել, որ հանձին Կիպրոսի, Արցախը կունենա իր իրավունքների ու շահերի պաշտպանը Եվրոպական խորհրդարանում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սթրովոլոս քաղաքի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսը անդրադարձել է Կիպրոսում բնակվող հայ համայնքին եւ նրա գործունեությանը: Շեշտելով երկու ժողովուրդների պատմական անցյալի նմանությունը՝ նա նշել է, որ արդի մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ երկու ժողովուրդները միասնական լինեն: Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ այն կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հարգելով մարդու հիմնարար իրավունքները եւ միջազգային իրավունքի այլ դրույթներ:

«Համոզված եղեք, որ այս պահից Արցախի պայքարի դեսպաններն ենք ոչ միայն Կիպրոսում, այլեւ՝ ամբողջ աշխարհում»,- նշել է Անդրեաս Պապախարալամպուսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի եւ Կիպրոսի խորհրդարանական հարաբերություններին, մարդասիրական ոլորտում համագործակցելու հեռանկարներին, ենթակառուցվածքների զարգացման գործում փորձի փոխանակմանը եւ այլ հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը եւ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը:

Պատվիրակության ադամներն այնուհետեւ հանդիպել են «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի նախագահ Վահրամ Բալայանը հյուրերին է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կառուցվածքը, խոսել երկրի կառավարման համակարգի, տնտեսական ցուցանիշների եւ անվտանգությունն ապահովող պաշտպանության բանակի մասին:

Բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում փոխգործակցության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում փորձի փոխանակման եւ ընդգրկուն համագործակցության հնարավորությունները: Երկուստեք կարեւորվել են Արցախի եւ Կիպրոսի հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների եւ տեղական ինքնակառավարան մարմինների միջեւ համագործակցության շարունակականությունը: