ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականների եւ Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետի հետ հանդիպմանը այսօր՝ սեպտեմբերի 27–ին, «Սանիթեքի» աշխատակիցները քննարկել են իրենց աշխատավարձերի հարցի լուծման 3 տարբերակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«Աշխատանքային քննարկում ենք ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնականների հետ, նաեւ Քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետն էր մեզ հետ, քննարկմանը մասնակցում էին բողոքի ակցիայի մասնակից «Սանիթեքի» աշխատակիցները։ Խնդրի հնարավորինս սեղմ ժամկետում լուծման համար քննարկվում է 3 տարբերակ, որոնցից մեկը մենք պետք է համաձայնեցնենք «Սանիթեք» ընկերության հետ, իսկ իրենք՝ Երեւանի քաղաքապետարանի հետ»,–նշեց Աղեկյանը։

Նա չհրապարակեց 3 տարբերակները, քանի որ նշեց՝ դրանք դեռեւս քննարկման փուլում են, սակայն ասաց, որ նստացույցը դադարեցնում են։

Հիշեցնենք, որ «Սանիթեք»-ի աշխատակիցները այսօր նստացույց են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանց է միացել «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Ընկերության աշխատակիցները պահանջում են վճարել օգոստոս ամսվա աշխատավարձերը: Այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է շուրջ 132 միլիոն դրամ: Ըստ աշխատակիցների՝  քաղաքապետարանը չի փոխանցել «Սանիթեքի»՝ պայմանագրով նախատեսված գումարները, ինչի արդյունքում ընկերությունը չի կարողացել վճարվել իրենց աշխատավարձերը։