Ինժեներներն ու շինարարները սկսել են կառուցել E-ELT օպտիկական աստղադիտակի 2800-տոննայանոց գմբեթները: Շինարարությունն ավարտելուց հետո հաջորդ տասնամյակի կեսերին E-ELT-ը կդառնա աշխարհում ամենախոշոր օպտիկական աստղադիտարանը: Այդ մասին հայտնել է Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ESO-ի հաղորդմամբ՝ արդեն այս շաբաթ պաշտոնապես մեկնարկել է շինության գմբեթի շինարարությունը, որտեղ կտեղակայվի E-ELT (European Extremely Large Telescope – «Եվրոպական գերխոշոր աստղադիտակ») աստղադիտակը, որը համարվում է ներկայիս ամենաթանկարժեք եւ հավակնոտ ասղտագիտական նախագիծը:

Դրա ընդհանուր արժեքը, ըստ ESO-ի, գերազանցում է մեկ միլիարդ եվրոն: Այդ գումարի մեծ մասը ուղղվելու է աստղադիտարանի սարքավորումների պատրաստմանն ու շենքի կառուցմանը: Աստղադիտակի ամենաթանկ եւ բարդ բաղադրիչը դրա ռեկորդային մեծ չափսեր ունեցող հայելին է, որի տրամագիծը կկազմի շուրջ 39 մետր: Այն կհավաքվի 798 վեցանկյուն սեգմենտներից՝ 1.4 մետր չափսով:

Այդ հսկայական հայելին, ինչպես նաեւ երկու օժանդակ արտացոլող մակերեսները՝ 4.2 եւ 3.75 մետր տրամագծով, կօգնեն E-ELT-ին ստանալ Արեւային համակարգից դուրս մոլորակների եւ այլ գալակտիկաներում աստղերի առաջին մանրամասն լուսանկարները, ինչպես նաեւ փնտրել Երկրի երկվորյակներին: Ի լրումն՝ գիտնականները փորձում են կիրառել այդ աստղադիտարանը Sgr A*-ի արվարձանները դիտարկելու համար, որը Ծիր Կաթինի կենտրոնում գերծավալուն սեւ անցք է:

Չնայած գմբեթի կառուցապատումը վերջերս է մեկնարկել՝ աստղադիտարանի հայելիները, գիտական գործիքները եւ այլ բաղադրիչները գիտնականները, ինժեներները եւ այլ մասնագետները մշակում են արդեն երեք տարի՝ E-ELT-ի կառուցման մասին առաջին ծրագրերը հանրայնացնելու պահից:

Գլխավոր հայելին կառուցելու պայմանագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն եվրո, ստացել է SCHOTT գերմանական ընկերությունն ու Safran Reosc ֆրանսիական ընկերությունը: