Ջորջ Մեյսոնի համալսարանի գիտնականները բախմանը պատրաստ 3 գերզանգվածային սեւ խոռոչներ են հայտնաբարել, հաղորդում է Fox News-ը:

Միմյանց կողք տեղակայված սեւ խոռոչները գտնվում են գալակտիկաների միաձուլման եզրին՝ Երկրից գրեթե մեկ միլիարդ լուսային տարի հեռավորության վրա:

«Մենք զույգ սեւ խոռոչներ էինք փնտրում, եւ հանկարծ հանդիպեցինք այդ զարմանալի համակարգին»,- Astrophysical Journal-ում հրապարակված իր հետազոտության մեջ գրել է Ջորջ Մեյսոնի համալսարանից հետազոտության ղեկավար Ռայա Փֆեյֆլը:

«Դա գերզանգվածային սեւ խոռոչների եռակի համակարգի գոյության ամենամեծ ապացույցն է»,- ասել է գիտնականը:

NASA-ի հաղորդմամբ՝ գիտական աշխատանքի ընթացքում հետազոտողներին հաջողվել է միավորել ինչպես Երկրի վրա, այնպես էլ տիեզերքում աստղադիտակներից ստացված տվյալները՝ հաստատելու այդ հազվագյուտ համակարգի եռաչափությունը: