Արարատի մարզի Արարատ գյուղում մարտի 29-ին սպանություն է տեղի ունեցել։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանությունից, մարտի 30-ին՝ ժամը 17։00-ին, 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, այցելելով եղբոր՝ 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է մահացած, հատակին ընկած վիճակում։  Նշանակված դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն՝ Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետեւանքով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ մարտի 29-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արարատ գյուղի բնակիչ, 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սարգսյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան՝ գլուխը մահճակալին եւ պատին հարվածելով:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

Նշենք, որ Մակիչ Ս.-ն ձերբակալված է, քննությունը շարունակվում է: