Facebook ընկերությունը սպասում է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում օտարերկրյա սւոբյեկտների միջամտությունն այդ սոցցանցի միջոցով: Այդ մասին հայտարարել է ընկերության տեխնիկական տնօրեն Մայք Շրեփֆերը կիրակի՝ սեպտեմբերի 29-ին, Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում, հաղորդում է DW-ը:

Ընդ որում՝ Շրեփֆերը համոզված է, որ Facebook-ի միջոցով ընտրություններին ազդելու մեթոդները կտարբերվեն 2016 թվականի մեթոդներից: Նա նշել է, որ իր խնդիրն օգտատերերին պաշտպանելն է արհեստական ինտելեկտի միջոցով ատելության եւ քարոզի տարածումից:

Մայք Շրեփֆերը նաեւ նշել է, որ անխուսափելի է Facebook-ում մոդերատորների հայտնվելը, որոնք կզբաղվեն նաեւ այդ խնդիրներով: «Տեխնիկական գաղափարներն անհրաժեշտ են, սակայն բազում որոշումներ անհնար են առանց մարդու»,-նշել է Շրեփֆերը:

Բազմաթիվ սկանդալները, որոնք կապված են օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի եւ ընտրությունների վրա ազդելու համար այդ սոցցանցն օգտագործելու հետ խթանել են ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում Facebook-ի դեմ տասնյակ հետաքննություններ սկսելուն: Ընկերությունը կորցրել է միլիարդավոր դոլարներ, իսկ դրա ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված է եղել ներողություն խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսում տվյալների արտահոսքի համար: