ԱՄՆ Պետդեպարտամենտը չի մեկնաբանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 27-ին Իրան կատարած այցը։ Մարտի 31-ին՝ ճեպազրույցի ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոներին հետեւյալ հարցն են տվել. «Հայաստանի նախագահն անցած շաբաթ այցելել է Իրան, եւ նրանք մի շարք համաձայնագրեր են ստորագրել, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այդ առումով»:
Ի պատասխան՝ Մարկ Թոներն ասել է. «Ես պետք է նայեմ այդ համաձայնագրերը եւ տեսնեմ, ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Ես մանրամասն տեղեկատվություն այդ մասին չունեմ։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ... ինչ է պատահել։ Կջանամ ուսումնասիրել այդ հարցը եւ պատասխանել Ձեզ»:
Նշենք, որ հայկական պատվիրակության՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Իրան կատարած այցի ժամանակ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը եւ Հայաստանը տարածաշրջանային մակարդակով կարող են օպերատորի դեր խաղալ։ Այդ կապակցությամբ, նրա խոսքով, համապատասխան ծրագրեր են մշակվել։




























