Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արտահանմանումն աճել է 30 տոկոսով, իսկ ներմուծումը` 7 տոկոսով. սա շատ կարեւոր եւ հուսադրող ցուցանիշ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 1-ին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Նա նշեց, որ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը ավանդաբար եղել է բավականին բացասական:
«Եթե հաշվի առնենք անցյալ տարվա դինամիկան, իսկապես արտահանումը շատ ավելի առաջանցիկ տեմպեր է արձանագրում, քան ներմուծումը: Սա խոսում է այն մասին, որ մեր արտահանման ենթակա ապրանքները մրցունակ են արտաքին շուկայում: Եւ այստեղ խոսքը չի գնում միայն հանքահումքային ապրանքների մասին, խոսքը գնում է նաեւ գյուղատնտեսական վերամշակվող ապրանքների, ակնեղենի, ոսկեղենի արտահանման մասին»,-նշեց Մինասյանը: Նա խոսեց նաեւ գնաճի ցուցանիշների մասին` նշելով, որ դրանք մտահոգիչ ցուցանիշներ են:
Առաջին երեք ամիսների արդյունքներով ունենք 5.2 տոկոս գնաճ, ինչը, ըստ Մինասյանի, լուրջ մարտահրավեր է, սակայն Մինասյանի կանխատեսմամբ, տարվա երկրորդ կեսից սկսած գնաճն էապես կմեղմվի: Պատգամավորն իրատեսական է համարում տարեվերջին 4-6 տոկոս գնաճի ցուցանիշ ունենալը: Ըստ նրա` գնաճի զսպելուն է ուղղված նաեւ այն որոշումը, որի համաձայն` անապահով ընտանիքները գազից օգտվեն 30 տոկոս զեղչով: «Անապահով ընտանիքներին մինչեւ 300 խմ գազի համար կտրվի փոխհատուցում եւ 132 դրամի փոխարեն նշված ծավալի գազն այդ ընտանիքները կստանան 100 դրամով: Դա էապես կթեթեւացնի այդ ընտանիքների սոցիալական բեռը`գնաճի պայմաններում»,-նշեց պատգամավորը:





























