ԱՄՆ-Իրան լարվածության նվազեցման մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մշակված 4 կետից կազմված փաստաթուղթը սխալ է արտացոլում Թեհրանի դիրքորոշումը: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջաֆար Զարիֆը:

Նրա խոսքով՝ Իրանը արդեն հայտարարել է, որ չի ձգտում միջուկային զենք արտադրել:

«Մեր «Հույս» խաղաղ նախաձեռնությունը ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք ապահովել Պարսից ծոցում անվտանգությունը: Մեր դիրքորոշումը պարզ է, սակայն 4 կետից կազմված փաստաթուղթն այն ճիշտ չի ներկայացնում»,- ասել է նա:

Մակրոնի փաստաթղթում ասվում է. «Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի եւ լիովին կիրականացնի իր միջուկային պարտավորություններն ու կսկսի իր միջուկային գործունեության երկարաժամկետ շրջանակների շուրջ բանակցությունները»: Իրանը նաեւ «պետք է զերծ մնա ցանկացած ագրեսիայից եւ բանակցությունների ճանապարհով փորձի տարածաշրջանում իրական խաղաղության եւ հարգանքի հասնել»:

Ինչպես նաեւ, ծրագրի շրջանակում ԱՄՆ-ը պետք է «չեղարկի 2017-ին սահմանած բոլոր պատժամիջոցները, եւ Իրանը պետք է հնարավորություն ունենա արտահանել իր նավթն ու ազատ օգտագործել իր եկամուտները»:

Զարիֆը նշել է, որ բանակցությունները կշարունակվեն այն դեպքում, երբ այդ թեմաները ճիշտ ներկայացվեն: Պատասխանելով Իրան Մակրոնի հնարավոր այցի մասին հարցին՝ Զարիֆն ասել է, որ «տվյալ պահին օրակարգում նման այց չկա, սակայն հրավերը միշտ ուժի մեջ է մնում»: