Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան ինչպես շահեր, այնպես էլ խնդիրներ: Տարօրինակ է, որ այն դեպքում, երբ Հայաստանի եւ Իրանի միջեւ չկան խնդիրներ, առեւտրաշրջանառությունը քիչ է, քան Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Իրանի համար Հայաստանի եւ Արցախի կողմից քաղաքական առումով ռիսկեր չկան, այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից իրանցիները նման ռիսկեր տեսնում են, հատկապես տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում:
«Բացի այդ, իրանցիներին անհանգստացնում է նաեւ այն, որ ադրբեջանիցները ռազմական ոլորտում ակտիվորեն համագործակցում են Իսրայելի հետ, անօդաչու թռչող սարքեր են գնում եւ դիտարկումներ անցկացնում ոչ միայն արցախյան գծում, այլ նաեւ Իրանի հետ սահմանին: Խնդիրներ կան նաեւ Կասպից ծովում: Ադրբեջանի իշխանություններին, իրենց հերթին, մտահոգում է Իրանից կրոնական գաղափարախոսության հնարավոր ուժգնացումը»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:
Փորձագետը հավելեց, որ Իրանը բազմիցս հասկացնել է տվել, որ ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը նաեւ Նախիջեւանի ուղղությամբ:




























