Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից հայտարարված քաղաքացիական անհանզանդության շրջանակներում քրդական հարցի կարգավորում պահանջող քաղաքացիները ուրբաթօրյա աղոթքը կատարել են այգում, որից հետո երթ են սկսել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մոտ 2 հազար հավաքվածներ, ի նշան բողոքի չեն գնացել մզկիթ, այլ՝ այգում են իրականացրել ուրբաթօրյա աղոթքը:
Աղոթքից հետո տեղի ունեցած երթին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը, կուսակցության փոխնախագահ Մերալ Դանըշը եւ այլք։
Երթի ընթացքում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ երթի մասնակիցների միջեւ։ Ոստիկանությունը ցուցարաներին ցրելու համար ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել:
Թուրքիայի Ջիզրե եւ Սիլոպի քաղաքաներում քուրդ բնակչությունը եւս հրաժարվել է ուրբաթօրյա աղոթքը իրականացնել մզկիթում։ Այստեղ եւս հավաքվածները նամազն իրականացրել են դրսում։
Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն (BDP) ու քրդական «Ժողովրդավարական հասարակության կոնգրեսը» (DTK) որոշում են կայացրել իրենց պահանջները բավարարելու համար քաղաքացիական անհնազանդություն սկսել։ Նրանք պետությունից 4 պահանջ ունեն՝ մայրենի լեզվով կրթության իրավունք, քուրդ քաղբանտարկյալների ազատ արձակում, քրդերի դեմ ռազմական եւ քաղաքացիական գործողությունների շուտափույթ դադարեցում եւ ընտրական շեմի նվազեցում։
Դիարբեքիրում այս կապակցությամբ ոստիկանությունը արտակարգ հավաք է իրականացրել՝ հետ կանչելով արձակուրդի մեջ գտնվող բոլոր ոստիկաններին։
































