Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի բնակիչները այսօր` հոկտեմբերի 5-ին, ակցիա են անցկացնում` բողոքելով Մարտունի քաղաքի աղբավայրում հրդեհի հետեւանքով տարածված գարշահոտությունից: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած գյուղի բնակիչներից Բաբկենը պատմեց, որ շուրջ 1 ամիս է` իրենք այդ գարշահոտությունն են շնչում, խնդրին լուծում չի տրվում:
«Մեր գյուղը շատ մոտ է Մարտունի քաղաքին, քաղաքի աղբավայրն էլ 600-700 մետր հեռավորության վրա է գտնվում, աղբը հրդեհել են ու էդ գարշահոտությունը գյուղում է տարածվում: Բացի այդ ցելոֆանից տոպրակներն էլ քամին քշում մեր այգիներն ու ծառերն է զարդարում: Մենք հիմա հավաքվել ենք գյուղամիջում ակցիա ենք անում, անպայման պետք է ճանապարհ փակենք, որ ակցիա լինի»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենց գյուղին հարակից տարածքը, որը գյուղացիներին է պատկանում դարձել է աղբավայր, չեն կարողանում այդ ուղղությամբ հողերը մշակել, կամ անասուններին տանել արածեցնելու:
Բաբկենն ասաց, որ գյուղապետին չեն դիմել խնդրով, քանի որ նա իր «տեղում չէ», մարզպետարան նույնպես չեն դիմել:











