«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շվեյցարիայի հայ համայնքի ու Մայր Աթոռի միջեւ լարումը հասել է գագաթնակետին։ Մինչ Գարեգին Բ-ն Շվեյցարիայի նախագահ Միշլին Կալմի-Ռեյին է ներկայացնում Շվեյցարիայի թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահ Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին, շվեյցարահայերը հայտարարում են, թե հնարավոր է՝ գործընթացը տեղափոխեն իրավական հարթություն։ Մենք տեղեկացրել էինք, որ դեռ մարտի 6-ին ժնեւահայությունը «ոչ» էր ասել Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկությանը՝ եկեղեցական թեմ հիմնել Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։
Ժնեւի Հայ առաքելական եկեղեցու անդամական ժողովը 88 դեմ, 2 կողմ ձայներով մերժել էր թեմ հիմնելու՝ կաթողիկոսի առաջարկը, որը պետք է գործեր Ժնեւի հայ համայնքի միջոցներով։ Ժնեւահայ ոչ մեծաթիվ համայնքը կարծում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, որ եկեղեցու ներկա կարգավիճակը բավարար է, ու լրացուցիչ ծախսեր պետք չէ բարդել համայնքի ուսերին։ Շվեյցարահայ համայնքում լուրեր են շրջում, թե կաթողիկոսը դժգոհ է իրենց հանգանակությունների չափից՝ ուղղված Էջմիածնին, լուրջ գումար է ակնկալում Սփյուռքից, տվյալ դեպքում՝ Շվեյցարիայից, դա է պատճառը, որ ուզում է փոփոխություն կատարել։ Սփյուռքին որպես «կթու կով» օգտագործելու ձեւաչափը նոր չէ, սակայն սփյուռքահայերն անընդունելի են համարում իրենց ուղղակի «դիկտատորական» ուղերձները»։




























