Շախմատ ուսուցանելը ծրագրավորման ուսումնասիրման ապշեցուցիչ հիմք է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ձեռներեց, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային կազմակերպության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը WCIT 2019-ում:
«Դեմքիս ժպիտ է հայտնվում, երբ տեսնում եմ երեխաների, որոնք այցելում են այնպիսի կենտրոններ, ինչպես ԹՈՒՄՈ-ն, եւ այնտեղ կոդավորում են սովորում: Իսկ շախմատը ծրագրավորման ապշեցուցիչ հիմք է»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր օրերում կոդավորումը անչափ կարեւոր դեր ունի:
Նրա խոսքով՝ այսպիսի փոքր երկրում տնտեսության մակարդակը բարձրացնելու համար անչափ կարեւոր է շարունակել ներդրումները տեխնոլոգիաների զարգացման մեջ:
Հարցին՝ արդյոք ինքը կլինի՞ ներդրողներից մեկը, Ալեքսիսը պատասխանեց, որ ցանկանում է գտնել Հայաստանում ներդրումներ կատարելու ավելի շատ ուղղություններ:
Օհանյանը հիշեցրեց, որ ավելի վաղ ներկայացրել է իր նոր՝ Հայկական Shakmat ապրանքանիշի նախագիծը:
Անդրադառնալով իր՝ «Առանց նրանց թույլտվության» գրքի առաջիկա շնորհանդեսին, որը թարգմանվել է հայերեն, ձեռներեցը նշեց, որ պետք է շարունակի իր հայերենի գործածումը լավացնել, քանի որ դեռեւս չի կարողանում գիրքը հայերեն կարդալ:
«Հիմա ես պետք է ասեմ՝ «Շմորհակալություն» եւ «Ցտեսություն», քանի որ շուտով պետք է բեմ բարձրանամ»,- եզրափակեց Reddit կայքի համահիմնադիրը:











