Ամերիկյան Արիզոնա նահանգում գեր եւ ծխող բնակիչները շուտով ստիպված կլինեն հարկ վճարել իրենց ոչ առողջ կենսակերպի համար: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել նահանգապետ Ջենիս Բրյուերը:

«Չափահաս մարդիկ, ովքեր ունեն զգալիորեն ավելորդ քաշ կամ տառապում են խրոնիկ գիրացմամբ եւ որոնք հրաժարվում են հետեւել բժիշկների խորհուրդներին, կարող են հարկվել տարեկան 50 դոլարով: Նույն չափի գումար  կգանձվի նաեւ խծողներից»,- ասված է նահանգապետի նամակում` ուղղված ԱՄՆ առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», 2009-ին Արիզոնայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը տառապում էր գիրությամբ: 2005-ին ծխողները կազմում էին նահանգի բնակչության 16 տոկոսը: Երկու կատեգորիաների մարդկանց թիվը Արիզոնայում կազմում է ավելի քան 700 հազար:

Դեռեւս անհայտ է, թե ինչպես են մարդկանց հետեւելու, որպեսզի գիրության կամ ծխելու հարկ գանձեն: Բացառված չէ, որ կգործի բժիշկներին այցելողների անսպասելի ստուգումների մարտավարությունը: