Լիբիայի ընդդիմության համակիրները Բինղազիում ուրբաթօրյա աղոթքից հետո ընդդեմ Էրդողանի հայտարարության բողոքի ակցիա են կազմակերպել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Լիբիայի ապստամբներին վրդովվեցրել է Էրդողանի այն հայտարարությունը, որով կոչ էր անում զենք չմատակարարել Լիբիայի ապստամբներին։ Լիբիական ընդդիմության կենտրոնական քաղաք համարվող Բինղազիում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Ահմեդ Մուրաբբի անունով մի իմամ հայտարարել է, թե Էրդողանն աջակցում է Քադաֆիին։ «Էրդողանը ոչ թե Քադաֆիի այլ՝ ժողովրդի կողքին պետք է լինի»,-նշել է իմամը։
Աղթոքից հետո հավաքվածներն սկսել են Էրդողանի դեմ բողոքի գործողություն իրականացնել՝ բղավելով՝ «Մենք Ալ Ղաիդան չենք», «Մենք ոչ թե ապստամբ, այլ՝ հեղափոխական ենք», «Քո սիրելի Քադաֆիին վերցրու, նոր թույլ մի տուր, որ մեզ զինեն» կարգախոսները։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում հայտարարել էր, թե դեմ է լիբիական ընդդիմությանը զինելու գաղափարին, քանի որ դա հող կնախապատրաստի ահաբեկչության համար։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չի համաձայնել Էրդողանի տեսակետի հետ՝ նշելով, թե ինքը անհրաժեշտ է համարում զենքով օգնել Լիբիայի ընդդիմությանը։





























