Ազատության հրապարակում այսօրվանից` ապրիլի 2-ից նստացույց հայտարարած կանայք՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ գիտնական Անահիտ Տոնոյանը բողոքի լուռ ակցիա են անցկացնում։
Նրանք հրաժարվեցին պատասխանել NEWS.am-ի թղթակցի՝ նստացույցի վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին։
Փոխարենը մի կին, ով նրանց կողքին էր եւ ներկայացավ իբրեւ «Ժառանգություն»
կուսակցության վարչության անդամ Սուսաննա Բարխուդարյան, ասաց, որ նստացույցի պատճառը մտավորականների անհամաձայնությունն է հայաստանյան կյանքում առկա խնդիրներին տրվող լուծումներին։
Նա նաեւ տեղեկացրեց, որ նստացույց հայտարարած մտավորականները Ազատության հրապարակում լինելու են հերթափոխով՝ ամեն օր 17։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նստացույցի ողջ ընթացքում դրա մասնակիցները չեն խոսելու, չեն խոսելու նաեւ վաղը եւ մնացած բոլոր օրերին նրանց փոխարինած մարդիկ»,- տեղեկացրեց Սուսաննա Բարխուդարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ նստացույցի անցկացման կոնկրետ ժամկետներ չեն հայտարարվել։ «Ուղղակի այստեղ ցուցակ կա, որում գրանցվում են նրանց զորակցող, նստացույցը շարունակելու պատարաստ մտավորականները» (ցուցակում արդեն կար մոտ 5 անուն-խմբ.):
Նստացույց հայտարարածներին իր աջակցությունը հայտնելու համար այնտեղ եկած «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սարֆարյանն էլ NEWS.am-ի թղթակցին ասաց, որ կիսում է մտավորականների լուռ բողոքը եւ եկել է նրանց զորակցելու։
Հարցին՝ կարելի՞ է համարել, որ նստացույցը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի տրամաբանական շարունակությունն է, Սաֆարյանն ասաց. «Չեմ ուզում ասել, որ այս ակցիան Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի շարունակությունն է, սակայն կուսակցության ղեկավարի արարքը բերեց բողոքի նոր ձեւի եւ բողոքի նոր արտահայտման։ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած մտավորականները բողոքում են բոլորի եւ իրենց փոխարեն։
Բոլորն են հասկանում, որ դժվար ապրուստի առումով շատ ավելի քիչ խնդիրներ ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այս մտավորականները, սակայն որքան էլ մեր երկրում իրավիճակը հասցվել է նրան, որ ճնշվում է մարդկանց բողոքելու իրավունքը, այնուամենայնիվ այս մտավորականները ունեցել են խիզախություն բողոքելու այն մարդկանց փոխարեն, ում թույլ չեն տալիս անել դա»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը։
Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն Ազատության հրապարակում սկսել էր մարտի 14-ից: Նա հացադուլը դադարեցրել էր մարտի 30-ին։









Լուսանկարները ` Անի Ղազարյանի





























