Կրթական ոլորտի կոռուպցիոն դրսեւորումները Շիրակի մարզում այսօր ցայտուն ու արտահայտված չեն: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի կրթության ու գիտության վարչության պետ Սահակ Մինասյանը:

«Աշխատանքներ կրթության վարչությունն իրականացնում է հանրակրթական դպրոցներում՝ դրամահավաքը կանխարգելելու համար: Նախորդ տարիների համեմատ  արդյունքներ կան: Օրինակ նախկինի նման դպրոցների տնօրենները չեն ստիպում աշակերտներից հավաքել ֆոդի գումար, ուսուցչի տոնի, կամ ասենք մարտի 8-ի ու ապրիլի 7-ի համար` ուսոցիչներին նվերներ գնելու նպատակով, ինչպես նաեւ վերջին զանգի համար մեծ չափի գումարային հավաքագրումները կամաց-կամաց բացառվում են»,- ասել է նա:

43 տարվա մանկավարժ, Գյումրիի թիվ 11 դպրոցի փոխտնօրեն Լյովա Մինասյանն իր հերթին ասել է, որ երբեք գնահատականի համար կաշառք չի վերցրել, բայց հիշում է, որ տարիներ առաջ որոշ դպրոցներում նման դեպքեր եղել են: Իսկ կավիճի, դպրոցի ֆոնդի ու ուսուցչի ծաղիկի համար հավաքագրվող գումարները կոռուպցիա դիտելն, ըստ նրա, այնքան էլ ճիշտ չէ:

«Դա դրամահավաքություն է, որին ներկայումս կարելի է հանդիպել միայն որոշ դպրոցներում, դպրոցների մասին թող չանհանգստանան, ավելի ճիշտ կլինի, որ կոռուպցիոն ռիսկեր փնտրեն ու գտնեն անմիջապես կրթության ու  գիտության նախարարության ենթակայության տակ գործող կրթական բուհական հաստատություններում»,- ընդգծել է փոխտնօրենը: