Կենտուկի նահանգի Պադակ քաղաքում հյուրանոցի աշխատակցուհուն հաջողվել է պաշտպանվել կողոպտչից, որը պահանջում էր հասույթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով WKYT-ին:

Տեսախցիկների ֆիքսած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է գլխարկով եւ շարֆով տղամարդն ատրճանակով սպառնում հյուրանոցի աշխատակցուհուն: Իրավապահների հաղորդմամբ՝ նա պահանջել է տալ իրեն առկա ողջ հասույթը:

Կինը ենթարկվել է հանցագործին եւ սեղանին դրել թղթադրամները: Տղամարդը սկսել է հավաքել գումարը՝ տեղավորելով պայուսակի մեջ եւ մի կողմ դնելով ատրճանակը: Այդժամ աշխատակցուհին վերցրել է զենքն ու դուրս շպրտել կողոպտչին: Սակայն հանցագործը որոշել է վերադառնալ եւ հետ վերցնել ատրճանակը:

Կինը վարանել է, սակայն կարողացել է կրակել: Այդ անգամ հանցագործը վերջնականապես հեռացել է հյուրանոցի շենքից:

Ոստիկանները վերցրել են ատրճանակը հյուրանոցի աշխատակցուհուց, ինչպես նաեւ գտել հագուստի մի մասը, որը հանցագործը կիրառել է դիմակավորման համար:

Կարճ ժամանակ անց տղամարդը ձերբակալվել է: Նա 26-ամյա տեղաբնակ Քորի Ֆիլիպսն էր: