«Համընդհանուր ֆորումի» շրջանակում միավորված Եմենի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները երկրի նախագահ Ալի Սալեհին կոչ են արել իշխանությունը փոխանցել փոխնախագահին: Վերջինիս հետ, նրանց կարծիքով, կորող են բանակցություններ վարել անցումային կառավարություն ստեղծելու շուրջ:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում ընդդիմությունը փոխնախագահ Աբդ Հադիի հետ է կապում եմենական հատուկ ծառայությունների, առաջին հերթին` պետանվտանգության ծառայության, վերակազմակերպումը: Նրան նաեւ վերապահվում է «երկրի ժամանակավոր նախագահի» դերը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Եթե փոխնախագահին տրվեն իշխանական լիազորություններ, ապա, ընդդիմության կարծիքով, հնարավոր կլինի խոսել Ազգային անցումային խորհրդի ստեղծման մասին, որը կստանձնի սահմանադրական փոփոխությւոնների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
Նախատեսվում է նաեւ ժամանակավոր կառավարության ստեղծում, որի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, այլեւ գործարարներ:
Եմենական ընդդիմությունը պնդում է, որ «ժողովրդական ելույթների ճնշման պատասխանատուները հանձնվեն դատարանին եւ համապատասխան պատիժ կրեն»:





























