Հայաստանի դատավորների միության խորհուրդը պահանջել է կարգապահական պատասխանատվության ենթարկել Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին` դատարանի նկատմամբ դրսեւորած անհարգալից վերաբերմունքի համար:

Դատավորների միությունը նշել է, որ մարտի 22-ին Շահբազյանը ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կայացրած վճռին եւ այն անհիմն որակել, խախտել է անձի անմեղության կանխավարկածը եւ «մարդասպան» անվանել նրան: 

«Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով, անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջեւ, չի հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսեւորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը: Միաժամանակ դատախազի հայտարարությունն անկողմնակալ դիտորդների համար ձեւավորել է դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու ընկալում»,- ասված է հայտարարության մեջ:

Դատարանների միության խորհուրդն անընդունելի է համարել Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, կոչ է արել հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից եւ ակնկալում է, որ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: