Երկօրյա պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել այդ երկրի նախագահ Բորիս Տադիչի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական եւ ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաեւ «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի եւ Սերբիայի մշակույթի նախարարությունների միջեւ:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ Բորիս Տադիչը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր ՀՀ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի եւ Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: Վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական տնտեսական համագործակցությունը զարգացնելու եւ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության բնագավառում:

Նախագահ Սարգսյանը Սերբիայի ԱԺ նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Սերժ Սարգսյանի` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի անունից կտրվի պաշտոնական ընթրիք: