Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է կարճաժակետ այցով Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որից հետո հանդես է եկել հայտարարությամբ։

Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն նշել է, թե իրենք կարեւորում են Լիբիայում ՆԱՏՕ-ի աշխատանքներն ուղղված իրավիճակի կարգավորմանն ու քաղաքացիների նկատմամբ հարձակումների կանխմանը։

«Ինչպես գիտեք, Թուրքիան ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցում է  միայն զենքի էմբարգոյի պահպանմամբ ու մարդասիրական օգնություն ցուցաբերելով։ Ես շնորհավորում եմ Թուրքիայի բոլոր պետական կառույցներին մի քանի օր առաջ Լիբիայի Միսատրա քաղաքում իրականացրած մարդասիրական գործողության համար»,-նշել է Դավութօղլուն՝ հիշեցնելով, որ այդ ժամանակ նավահանգստային Միսատրա քաղաքից  թուրքական նավը կարողացել է տարհանել 250 եւ Բինգազիյից 100 վիրավոր քաղաքացիներ։

Նշենք, որ Ռասմուսենի այցը կապված է ապրիլի 14-15-ին Բեռլինում  տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների  ոչ պաշտոնական համաժողովի օրակարգային խնդիրների քննարկման հետ։