Հայաստանի եւ Սերբիայի միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին հայտարարել է երօրյա պաշտոնական այցով Սերբիայում գտնվող Սերժ Սարգսյանը` լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

«Հայաստանի եւ Սերիբիայի ԱԳ նախարարները պարբերաբար հանդիպում են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային տարբեր ֆորումների շրջանակներում։ Աշխատանքներ են տարվել իրավապայմանագրային դաշտը հարստացնելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում ակտիվ զարգացել է հայ-սերբական մշակութային կյանքը, ինչն ամուր հիմք է ստեղծում մեր ժողովուրդների փոխճանաչողության, փոխվստահության բարձրացման, ուստի եւ՝ այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման համար։

Մենք նախանշեցինք այն համատեղ քայլերը, որ պետք է ձեռնարկվեն համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու համար: Առաջին հերթին ուշադրություն դարձրեցինք առեւտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը եւ ընդգծեցինք, որ համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, տուրիզմի եւ էներգետիկայի ոլորտներում:

Այսօր նաեւ մշակույթի նախարարները ստորագրեցին առաջիկա երեք տարիների համագործակցության ծրագիր: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները հումանիտար կապերի զարգացման ոլորտում, այդ թվում երիտասարդության միջեւ շփումների եւ փոխանակումների խրախուսման միջոցով»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մաասին: «Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, եւ որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն Նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միեւնույն ժամանակ զերծ կմնա որեւէ ռազմական գործողություններ վարելուց: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում: Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, եւ անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից»,- ասել է նա: